«Գրաֆիկայի բաժնում ամեն ինչ նշանակալից է, արտահայտիչ, լուրջ և ուժեղ։ Ինձ դուր եկավ Էդգար Շահինի օֆորտը։ Մեծ քաղաքի ծայրամասում բեռնակիր սայլորդը սանձում է ձին։ Շատ կենդանի, լավ ներկայացված տեսարան է»։
Գեորգի Պլեխանով,
մարքսիստ և գեղագետ
ԱՎԵԼԻ ՔԱՆ 50 ՇԻՇ ԳԻՆԻ ԵՎ ԱՆԿԱՏԱՐ ՄԻ ԽՈՍՏՈՒՄ
1970 թվական, Փարիզ։ «ՈՒրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսն այդպես էլ մնաց աննախադեպ իր նշանակությամբ և թափով։ Աշխարհն անմիջականորեն առերեսվեց հայ ազգային բազմադարյա մշակույթին և արվեստին։ Ցուցահանդեսի բացումից մի քանի օր անց հայկական պատվիրակությանը հյուրընկալում է ֆրանսիական օֆորտի նշանավոր վարպետ Էդգար Շահինի որդի Պիեռ Շահինը։ Օրը տոնական էր, օջախը` խորհրդանշական, հյուրերը` թանկ, տանտերը` հուզված։ Պատվիրակությունը 15 հոգուց էր բաղկացած։ Մշակութային և պետական այրերն ու տիկնայք խիստ շոյված էին անսպասելի հրավերից։ Պիեռը հանկարծ անցավ գրոհի. «Եթե հայրիկիս 100-ամյակին Երևանում հրատարակվի նրա ստեղծագործությունների լրիվ կատալոգը, ես պատրաստ եմ նվիրելու բոլոր այն աշխատանքները, որոնք պատկերասրահում չկան»։ Հայաստանի պետական պատկերասրահում Էդգար Շահինը հրաշալի էր ներկայացված` շուրջ 250 աշխատանքով։ Սակայն չէ՞ որ վարպետը շուրջ հազար օֆորտ էր արարել։ Առաջարկը, ինչ խոսք, ընդունվում է ցնծությամբ։ Բայց և այնպես նրան վիճակված չէր իրականանալ։
1974-ին մի շքեղ պատկերագիրք է հրապարակ իջնում Իտալիայում, «Տաբանելլի» հրատարակչության կողմից։
Բայց և այնպես, հյուրընկալությունը բուռն էր, և այդ օրը խմվեց 50 շիշ ընտիր գինի։
1994-ին Հայաստանի ազգային պատկերասրահի երեք դահլիճներում ողջ շուքով հայ արվեստասեր հանրությանը ներկայացավ Էդգար Շահինի արվեստը։ Ցուցահանդեսը նվիրված էր նրա 120-ամյակին։ Ներկա էր Պիեռը, պատկերասրահին նվիրեց իր հոր «Ժայռեր փարոսի մոտ» կտավը։
ՉՈՐ ԱՍԵՂ ԵՎ ՊՂՆՁԵ ՏԱԽՏԱԿ
Նա ծնվել է Եվրոպայի սրտում` Վիեննա քաղաքում։ Սակայն մանկության տարիներն անցան Կ. Պոլսում, որտեղ էլ ժամանակին ճանաչված մանկավարժ Մ. Տիրացույանի մոտ է ուսանում կերպարվեստի այբուբենը։ Հետո վերադառնում է Եվրոպա, հանգրվանում Վենետիկ քաղաքում։ Պատանի Էդգարը սովորում է նշանավոր այս քաղաքի հռչակավոր Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, Ա. Պաոլետտիի ձեռքի տակ։ Բնական է միանգամայն, որ ուսումնատենչության ճանապարհը շնորհաշատ պատանուն ուղեկցում է դեպի Փարիզ, ուր վարպետության դասեր է առնում շատ հայ երիտասարդ տաղանդներ կրթած «Ժյուլիեն» ակադեմիայում։ Էդգարը գունանկարիչ էր և բավական խոստումնալից։ Սակայն շատերի համար անսպասելի գունեղ վրձնահարվածները փոխարինում է փորագրչի չոր ասեղով, կտավը` պղնձյա տախտակներով։ Հավանաբար նա կամեցավ ոչ այնքան առանձնանալ, որքան ֆրանսահայ կերպարվեստում մի նոր հարթակ նվաճել։ Չմոռանանք, որ Ֆրանսիայում արդեն ճանաչում և հեղինակություն ունեին Զաքար Զաքարյանը, Վարդան Մախոխյանը, Կարապետ (Շարլ) Ադամյանը, Հովսեփ Փուշմանը, Արսեն Շաբանյանը և այլք։ Կերպարվեստում բավականին անդյուրահաճ է օֆորտը` գրաֆիկայի քմահաճ դուստրը, և քչերն են բախտները փորձում ու հաջողություն գտնում այս անդաստանում, շատերն էլ հետ են դառնում կես ճամփից։ Շահինը շահեց և նշանավորվեց որպես 20-րդ դարի առաջին քառորդի առաջնակարգ օֆորտիստ` համաշխարհային առումով։
1900 թվական։ Տակավին երիտասարդ նկարիչ, 26-ամյա Էդգար Շահինը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանանում է ոսկե մեդալի, երեք տարի անց, արդեն Վենետիկի միջազգային ցուցահանդեսում նրան է շնորհվում բարձրագույն պարգև` Մեծ ոսկե մեդալը։ Հաջողություններն ամենևին չեն պատում նրան արվեստի մարդու համար շատ վտանգավոր հանճարացման որոմով։ Ըստ ժամանակակիցների, նա որքան տաղանդավոր էր որպես ստեղծագործող, նույնքան էլ առանձնահատուկ էր որպես հմայիչ անձ, նվիրյալ հայ և քաղաքացի։
Շահինը մասնավորապես ֆրանսահայ նկարիչների համախմբողն էր, Սփյուռքի և հայրենիքի մերձեցման ջատագովը։ Նրա առաքինի և գործունյա նկարագիրը պատշաճ հարգանքի է արժանանում նախ օտարների կողմից։ Մի քանի եվրոպական նկարչական ընկերությունների նախագահության անդամ էր, ֆրանսիական արվեստի կոմիսարը Վենետիկի Բիենալեում, 1924-ին։
1928 թվական։ Խորհրդային Հայաստանի կերպարվեստագետների միությունը նրան շնորհում է պատվավոր անդամի կոչում։
ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ԲԱՐԲԱՌԻ ՆԿԱՐԻՉԸ
1903 թվական։ Շահինը նվաճում է Փարիզը, հրապարակ է իջնում «Գործազուրկը» նշանավոր ստեղծագործությունը։ Փարիզի և քաղաքի շրջակայքի բանվորական դասը, կյանքի ոչ այնքան բարոյական ուղի ընտրած դեռատի կանայք, թշվառության բաժակը մինչև վերջին ումպը խմող այրեր, նախկին արհեստավորներ և բանվորներ։ Կապիտալիզմի դարաշրջանը դասակարգային կենաց-մահու պատերազմ էր հայտարարել մարդկությանը, շատերը դիմակայում էին, ոմանք հանձնվում։ Շահինը ապրում և նկարում էր Մոնպառնասում, նա ապրում էր ժողովրդի մարդկանց հույսերով և տագնապներով։ Նրա հերոսները, այնուամենայնիվ, արժանապատիվ անձինք են, պայքարում են, կամենում հանապազօր հացը վաստակել հանապազօր տքնանքով։
Շահինը սիրում էր հակադրությունը, ահա նրա հանրահայտ գործերից «Հողային աշխատանքները»։ Կառքն ընկել է ջրափոսը, մի քանի բանվոր փորձում են այն դուրս բերել։ Լարվածությունն ու տքնանքը կիզակետում են, ցանկացած գնով կառքը պիտի լքի ջրափոսը։ Իսկ նկարի վերին հատվածում հովվերգական անդորր է, մի գողտրիկ պուրակ կա, ուր դժվար թե երբևէ հանգստանան ջրափոսում աշխատող մարդիկ, ծանր ու անհրապույր աշխատանքից հետո նրանք սփոփանք են գտնում գինետներում, ուր գինին է հոսում գավերից, իսկ կողքի սեղանին նստած են գինետների մշտական այցելու անհոգ պչրուհիները։
Նա նաև դիմանկարի վարպետ էր։ «Ջեմա», «Էլվիրա», «Դերասան Լերան», «Պոլ Վեռլեն», «Անատոլ Ֆրանս», «Բոդլեր», «Լուիզ Ֆրանսի դիմանկարը»։ Վերջինը յուրովի գլուխգործոց է, որը հաճախ է ներկայացվել 20-րդ դարի ֆրանսիական գրաֆիկայի պատկերագրքում։ Նրա կտավներում, որոնք սևի և ճերմակի միահյուսված մեղեդիներ են, հաճախ են հնչում զով լուսաբացի ու մայրամուտի հնչյունները։
Շահինը ևս մի նվաճում ունեցավ (չէ՞ որ Փարիզը ձեռքի հետ չես նվաճի), կերտելով իր հանրահայտ վենետիկյան օֆորտները, որոնց մասին ժամանակի ճանաչված արվեստի քննադատ Կ. Մոկլերը գրել է. «Վենետիկի մեջ Շահինը ինքնատիպության մրցանակ շահեց։ Նա ցույց տվեց իր կարողությունը, ուրիշների կողմից չնկատված տպավորություններ քաղելով։ Այդ գործերից լսում ես վենետիկյան բարբառը»։
1904-ին Էդգար Շահինը կերտեց հայի առնական կերպարը «Ալևոր հայը» գործում։ Գրիգոր Զոհրապի հորդորով 1910-ին մի զարմանալի օֆորտ է ստեղծում. Անիի Հովվի եկեղեցու համապատկերում սպանդից փրկված որբերն են կանգնած։ Անի տիեզերական քաղաքի անկումը, որպես ազգային հետագա արհավիրքների ազդականչ, հնչում է այս ստեղծագործությունում։
ՔՈՉԱՐԻ ԴԱՍԸ
Ռաֆայել Շիշմանյանը (1885-1959 թթ.) փայլուն գեղանկարիչ էր և անզուգական արվեստաբան։ Նրա գրչի արգասիքն է «Էդգար Շահին» մենագրությունը, որին հիմնավոր ձևով անդրադառնում է հայ ազգային կերպարվեստի տաճարի քառասյուներից մեկը` Երվանդ Քոչարը։ (Մեր ազգային կերպարվեստը բազում տաղանդներ է երկնել և չորս հանճար-սյուներ։ Ըստ ժամանակաշրջանի` տաճարը սյունաշարվել է 13-րդ դարում, երբ լույս աշխարհ եկավ Թորոս Ռոսլինը։ Շուրջ վեց դար տաճարի գմբեթը սպասում էր մյուս սյուներին։ 1880-ին լույս աշխարհ եկավ Մարտիրոս Սարյանը։ 1899-ին` Երվանդ Քոչարը։ 1904-ին` Ոստանիկ Ադոյան-Արշիլ Գորկին)։ Շիշմանյանը, որը փորձառու և վարպետ տեսաբան էր, տուրք է տալիս չափազանցումներին։ Քոչարը, «դատափետելով» Շիշմանյանին, զուգահեռ գնահատում է Շահինին։ Արժե դրվագել Մաեստրո Քոչարին. «Շիշմանյանը Շահինի օֆորտները հասցնում է Ռեմբրանդի օֆորտների ուժգնությանը և արժեքի մակարդակին. անիմաստ ու անտեղի չափազանցություն»։ «Շիշմանյանը չի կարողացել տեսնել, որ Շահինը, իր փայլուն տաղանդով հանդերձ, չունի այն մեծ կուլտուրան, որ համընթաց գնար համաշխարհային արվեստի, Փարիզի արվեստի հետ. նա հետ մնաց»։ «Շահինին Շիշմանյանը արջի ծառայություն է մատուցում, նրան դարձնում վուլգար սոցիոլոգ, մինչդեռ Շահինը իսկական արվեստագետ է»։
ՎԵՐՋԱԲԱՆԸ` ՎԵՐՋՆԱԳԻՐ
Վստահեցնում եմ, եթե այսօր Ֆրանսիայի քաղաքներում, ի մասնավորի Փարիզում, շրջեք և փորձեք հայտնաբերել Էդգար Շահինի հետագիծը, ձեռնունայն չեք մնա։ Դեռևս վաճառվում են նրա ձևավորած բազմաթիվ գրքեր։ Այժմ եկեք շուրջայցի հրավիրենք ՀՀ ԿԳՄՍ-ի մշակույթի պատասխանատուներին, փոխնախարարներ Նարինե Խաչատուրյանին և Արա Խզմալյանին, փորձենք քաղաքամայր Երևանում հայտնաբերել Էդգար Շահինի գեղագիտական հետքերը։ Շուրջայցը բեկանված է, Շահինին հայտնաբերելն անհնար է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ